Ա. Շիրինյանի կողմից հնչեցված կարծիքի մեկնաբանություն

Պաշտոնական մեկնաբանություն առ «31.10.2019թ. ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներ» ընթացքում պարոն Ա. Շիրինյանի կողմից հնչեցված միտքը, որը նա բարձրաձայնեց ի պատասխան պարոն Գ. Բաղդասարյանի հարցին:

Պարոն Շիրինյանը բառացի ասում է «Հայաստանում հեռուստավարկանիշների չափումն իրականացնում է Ադմոսֆեր Արմենիա ընկերությունը, մենք մշտապես ստանում ենք նրանց տվյալները, բայց մենք չենք հենվում դրանց վրա, մեզ համար դա այնքան էլ ուղենիշ չէ, հեռուստաընկերության մասնագետները դա վերլուծելով ստանում են ուրիշ թիվ. դիտողականության թիվը: Կան ավելի ճշգրիտ գործիքներ, դա կաբելային ցանցերում Հանրայինի դիտողականությունն է: Ես նկատի ունեմ Յուքոմը ու Ռոստելեկոմը, որտեղ ավելի ստույգ են հաշվում և դա ավելի վստահելի թվեր են: Երկու տեղում էլ  Հանրայինը ունի շատ բարձր դիտելիություն՝ առաջին և երկրորդ տեղերն է կիսում…»:

Ցանկանում եմ պարզաբանել, որ

ա) Ադմոսֆեր Արմենիա ընկերության հեռուստաչափումների արդյունքները տարածելի են 4+ տարիքային խմբի ՀՀ քաղաքային բնակչության համար, այնինչ նշված ցանցերից ստացված տվյալները ենթակա չեն նման էքստրապոլյացիայի:

բ) Նշված ցանցերում Հանրայինը հավասար մրցակցության մեջ չէ, քանի որ Յուքոմը չի հեռարձակում Շանթ հեռուստաալիքը, իսկ Ռոստելեկոմը չի հեռարձակում Արմենիա ԹիՎին, իսկ, ինչպես հայտնի է, նշված երկու մասնավոր ընկերությունները խոշոռագույնն են և հիմնական մրցակիցներն են Հանրային համար:

գ) Պարոն Շիրինյանի կողմից նշված ցանցերը չունեն հնարավորություն տրամադրել անհատի մասով տեղեկատվություն, լավագույն դեպքում կարողանում են տալ տեղեկատվություն ֆիզիկական անձի անունով պայմանագրերի մասով, ինչը բնավ չի նշանակում որ բովանդակության սպառողը հասարակ բնակիչ է և բովանդակությունը սպառում է տանը: Այսինք, ցանցերի կողմից տվյալներում զտված չեն, ասենք, վարսավիրանոցները, որոնց պայմանագիրը անհատով է, այնինչ նման տեղերում հեռուստաբովանդակության սպառումը սկզբունքորեն տարբերվում է տներում սպառումից:

դ) Ադմոսֆեր Արմենիա ընկերության կողմից հավաքագրվող տվյալների հիման վրա հաշվարկելի է ոչ միայն վարկանիշը այլ բազմաթիվ այլ ցուցանիշներ որոնք բնութագրում են ծածկույթը, ընդգրկումը և այլն: Ինչպես բացարձակ թվերով այնպես էլ տոկոսային հարաբերությամբ, այսինքն որևէ լրացուցիչ աշխատանք անելու կարիք չկա: Աուդիոմատչինգ տեխնոլոգիան, որով կատարվում է չափումը ժամանակակից ամենաճշգրիտ տեխիկական լուծումն է:

ե) Պարոն Շիրինյանը հաջորդիվ ներկայացնում է լսարանի կառուցվածքն ըստ կրթական աստիճանի, որը կարող է տրամադրել միայն Ադմոսֆեր Արմենիա ընկերությունը ամենօրյա ուսումնասիրությունների արդյունքում միայն, կաբելային ցանցերը այստեղ անզոր են, մասնավորապես, վերը նշված պատճառներով:

Հարգանքով,

Ադմոսֆեր Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն