(ARM) «Ադմոսֆեր Արմենիա» կազմակերպությունը կընդգրկվի եվրոպական մեդիահետազոտությունների միջազգային կազմակերպության մեջ

[:HY]Մայիսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանը ներկայացնող «Ադմոսֆեր Արմենիա» ՓԲԸ-ն, որը զբաղվում է հեռուստալսարանի ու հեռուստատեսության մոնիթորինգի իրականացմամբ, Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում առաջին անգամ մասնակցել է EMRO (European Media Research Organisation) կազմակերպության՝ մեդիայի չափման ինդուստրիայի զարգացմանն ուղղված տարեկան համաժողովին, որին մասնակցել է ավելի քան 70 երկրի ներկայացուցիչ:

«Ադմոսֆեր Արմենիա» ՓԲԸ տնային տնտեսությունների ուսումնասիրության և մոնիթորինգի բաժինների ղեկավար Բագրատ Հարությունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ համաժողովին մասնակցել են հասկանալու համար, թե ոլորտում ինչ նոր միտումներ, տեխնիկական լուծումներ ու ինչ որակական նշաձողեր կան, և ինչ պետք է անել սահմանված նշաձողերից ցածր չլինելու համար:

Համաժողովին ընկերությունը ներկայացրել է Հայաստանի մեդիամիջավայրի առանձնահատկություններն ու կազմակերպության կողմից իրականացվող հեռուստալսարանի չափման  ու հարակից մեխանիզմները, տեխնիկական, մեթոդական ու ընթացակարգային առանձնահատկությունները:

«Չափման մեխանիզմների մասին մեր զեկույցը շատ բարձր գնահատվեց: Մենք նաև ոչ ֆորմալ պատասխան ստացանք կազմակերպիչներից, որ ընդգրկվում ենք EMRO-ի մեջ: Վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերին՝ EMRO-ի տերեվերջին ժողովի ժամանակ (կազմակերպության մեջ ընդգրված է 24 կազմակերպություն, Aysor.am): Ի դեպ, ռուսաստանյան հեռուստաչափող կազմակերպությունը ևս հայտ է ներկայացրել այնտեղ վերընդգրկվելու համար, ինչը պայմանավորված էր ՌԴ-ում հեռուստաչափողի ընթացակարգերի ու սեփականության ձևի փոփոխության հետ: Անդամակցության էր դիմել նաև մեկ ընկերություն Ավստրալիայից», – ասաց նա:

«Այն տեխնոլոգիական և մեթոդաբանական լուծումները, որոնք մենք կիրառում ենք, ոչ ոքի չեն զիջում: Սրա ապացույցը նախ այն էր, որ EMRO-ն մասնագիտական չափող-աուդիտորական խմբում քննարկման ժամանակ մեզ ուրախությամբ ընդունեց իր շարքերը, երկրորդ՝ մեր պրեզենտացիայի արդյունքում մենք տեղում համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցինք «Մեդիամետրիա» (Mediametrie) ֆրանսիական կազմակերպության հետ, որը համաշխարհային մասշտաբով զբաղվում է հեռուստատվյալների վաճառքով: «Մեդիամետրիա»-ն որոշեց համագործակցել մեզ հետ, և մենք արդեն 6 պրոեկտի վերաբերյալ հաշվետվություն ենք ներկայացրել նրան», – ասաց նա:

EMRO-ին անդամակցությունը, Բագրատ Հարությունյանի խոսքով՝ նախ հնարավորություն կտա հասկանալ հեռուստաչափման բիզնեսում համաշխարհային տրենդները, հետ չմնալ նոր ստանդարտներից և համահունչ արձագանքել միջազգային ընկերությունների ակնկալիքներին ու պահանջներին, ինչը թույլ կտա այդ մեծ ընտանիքի լիարժեք անդամ դառնալ:

«Մենք երկու խնդիր ենք լուծում: Մեկն այն, որ գովազդի բիզնեսում ներգրավված հայաստանյան կազմակերպությունները դառնում են թափանցիկ, հասկանալի ու կանխատեսելի միջազգային ընկերությունների համար, ինչը նրանց թույլ է տալիս մասնագիտական այլ պայմաններ ապահովելու դեպքում ստանալ նոր պատվերներ գովազդի տեղադրման, պլանավորման և հարակից այլ ոլորտներում: Երկրորդը, «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության վարկանիշը բարձրանում է, և մենք լրացուցիչ միջոցներ ենք կարողանում ներգրավել մեր ծառայությունները կատարելագործելու համար՝ առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու տեղական շուկայից», – ասաց նա:

Բ. Հարությունյանը նշեց, որ EMRO-ի մասնակիցների փորձը ցույց տվեց նաև, որ Հայաստանում գովազդային շուկայի զարգացման նշանակալի խնդիրը շարունակում է մնալ ոլորտային ինդուստրիալ կոմիտեի բացակայությունը:

«Նման կոմիտեներն անհրաժեշտ են ոլորտի բոլոր կողմերի միջև խաղի կանոնները կանոնակարգելու համար: Վստահաբար, եթե մենք ունենայինք նման կոմիտե, ապա մենք կունենայինք կոնսոլիդացված պահանջներ և՛ հեռուստաչափողից, և՛ հեռուստաալիքներից, և՛ գովազդային գործակալություններից: Պետական մարմինների մասնակցությունը ոլորտի կարգավորմանը կմնար նվազագույն, չէր լինի գովազդի վաճառքի երկու տարբեր միավոր, ինչպես ներկայում է (հեռուստագովազը վաճառվում է րոպեով ու կոնտակտով WGRP 18+):

«Ադմոսֆեր Արմենիա»-ն, ոլորտային նորմերով հարկադրված լինելով պահել չեզոքություն, չի կարող նախաձեռնել նման կոմիտեի ստեղծում, բայց մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր առիթներով տեղեկացնել նման ինստիտուտի աշխատանքի սկզբունքների ու մեխանիզմների մասին մեր գործընկերներին, ինչպես նաև մասնակցել նրա աշխատանքներին, եթե այն ստեղծվի», – եզրափակեց Բագրատ Հարությունյանը:
73.thumb

Լուսանկարում՝ «Ադմոսֆեր Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Վարդանյան (աջից) և  ՓԲԸ ուսումնասիրության և մոնիթորինգի բաժինների ղեկավար Բագրատ Հարությունյան (ձախից):[:]